Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
28.07.2023 | 21:45

(սկիզբը` այստեղ)

Այսօր վանական համալիրը պարունակում է եկեղեցի՝ զանգակատանով, կացարաններ, գրադարան, թանգարաններ, պատկերասրահ, ձեռագրերի շտեմարան, տպարան, տարբեր ուսումնական և հետազոտական հաստատություններ, այգիներ, Մխիթարի բրոնզե արձանը (1962 թ․), 1960-ականներին կանգնեցված Հայոց ցեղասպանության հուշահամալիր և 14-րդ դարի բազալտե խաչքար, որը նվիրաբերել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1987 թ.։
Վանական համալիրը կազմված է դորիական ոճի 42 սյուներից բաղկացած սյունաշարից։ Վանքի կենտրոնում 15-րդ դարի ջրհոր կա, որի վրա հայտնաբերվել են փյունիկյան և վաղ քրիստոնեական արձանագրություններ։ Եկեղեցին ունի նեոգոթական ինտերիեր։ Այն եռանավ է՝ հենված 6 մարմարե սյուների վրա։ Գլխավոր զոհասեղանը բարոկկո ոճով է։ Խորանի աբսիդի երեք հիմնական պատուհաններն ունեն վիտրաժներ։
Մխիթարյան միաբանությունն այսօր հայ և համաշխարհային մշակույթի ու պատմության սրբազան շտեմարան է (բացվել է 1867 թ․), ուր պահպանվում են պատմական տարբեր ժամանակների մի քանի հազարի հասնող հայկական ձեռագիր մատյաններ (Հեսիոդոսի, Հովհան Ոսկեբերանի, Փիլոն Ալեքսանդրացու վաղ թարգմանությունները, որոնց բնօրինակներն այլևս չկան, հայերեն ամենափոքր ձեռագիր ավետարանը, Հակոբ Մեղապարտի հրատարակած ՈՒրբաթագրքի օրինակը և այլն), հայոց պատմությանն ու արվեստին առնչվող առարկաներ՝ ուրարտական ժամանակաշրջանի սաղավարտներ և բրոնզե գոտիներ, Կիլիկիայի վերջին հայ թագավոր Լևոն V-ի սուրը, մետաղադրամներ, կնիքներ, 16-18-րդ դարերի հայկական արվեստի բազմաթիվ կրոնական առարկաներ, Կոմիտաս վարդապետի մահադիմակը, երբևէ հայտնաբերված ամենահին թրերից մեկը, որը թվագրվում է 3-րդ հազարամյակով (այն մոտ 150 տարի առաջ Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանին է նվիրել արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ, ազգությամբ հայ Երվանդ Խորասարդջյանը, որը առաջատար ինժեներ-շինարար էր Օսմանյան կայսրությունում։

Ալիշանի մահից հետո նրա ունեցվածքը, այդ թվում նաև սուրը, փոխանցվել է Վենետիկի հայկական եկեղեցուն), այլև արվեստի եզակի գլուխգործոցներ՝ իտալական Վերածննդի վարպետների կտավներից մինչև Հովհաննես Այվազովսկի, Վարդան Մախոխյան, Գևորգ Բաշինջաղյան («Արարատ լեռը»), Էդգար Շահին, Մարտիրոս Սարյան, Ժան Սեմ, Գառզու, Չարլզ Կարապետ Աթամյան (ծովանկար), Սերգեյ Փարաջանով (կոլաժ) և այլն։
Թանգարանում ցուցադրվում են իտալական Վերածննդի այնպիսի մեծագույն ներկայացուցիչների աշխատանքներ, ինչպիսիք են՝ Ֆրանչեսկո Մաջիոտտոն («Ս․ Մեսրոպ Մաշտոցի» և «Սահակ Պարթևի» դիմանկարները), Ջուզեպե Կանելլան («Արտաշես 1-ինի հուղարկավորումը»), Ֆրանչեսկո Զունյոն («Ս․ Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին»), Ջուլիանո Զասսոն («Դրաստամատը ինքնասպանություն է գործում իր տիրոջ՝ հայոց Արշակ թագավորի հետևողությամբ», «Սմբատ Բագրատունին խարանում է դավաճան Մերուժան Արծրունուն», «Հայերը
փախուստի են մատնում Անին պաշարող բյուզանդական զորքին», «Լևոն Մեծագործի թագադրությունը», «Ս․ Հռիփսիմեի մենամարտը Տրդատի հետ», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» և այլն ), Ջ․ Ֆուզարոն («Տիգրան Մեծը իրեն շրջապատող չորս թագավորների հետ»), Լեոնարդո Գավանյինին («Ավարայրի ճակատամարտը») և այլք, որոնք Մխիթարյանների գիտական կրթական և լուսավորչական լայնածավալ գործունեության շնորհիվ մեծապես տպավորված Հայոց պատմությամբ՝ իրենց գործերում անդրադարձել են հայկական թեմային։
Շատ տպավորիչ է հնագիտական թանգարանը, որն ունի եգիպտական հնությունների ու մշակույթի նմուշներ, այդ թվում՝ 3500 տարեկան մի մումիա, որը 1825 թ․ Մխիթարյաններին է նվիրել հայազգի նշանավոր Պողոս-Բեկը՝ Եգիպտոսի տիրակալ Մահմեդ Ալիի նախարարը:
Միաբանությունն իր հիմնադրումից մինչ օրս ծավալել է գիտական, կրթական, մշակութային, հայրենագիտական, բանասիրական, բառարանագիտական, թարգմանչական գործունեություն, որի դասական շրջանն ընդգրկում է 1701-1901 թթ.։

Մխիթարյանների այս 200-ամյա դասական շրջանի գործունեությունը բաժանվում է 3 փուլի.

ԱՌԱՋԻՆ

Մխիթար Աբբահորով սկսված կրոնաեկեղեցական գործունեության շրջան:

ԵՐԿՐՈՐԴ

Դասական հայագիտության ձևավորման շրջան:

ԵՐՐՈՐԴ

Ազգային ռոմանտիզմի վրա հիմնված բանաստեղծության, պատմագիտության և գրականագիտության շրջան:

Վերջինս իր բարձրակետին է հասնում հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի (1820 – 1901թթ)

գիտա-գեղարվեստական ստեղծագործություններով։

Նա, գրական ասպարեզ իջնելով որպես բանաստեղծ, շարունակում է Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրելով կրոնական թեմաներով, գրաբարով։

Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության և համախմբման շրջանում, երբ ժողովրդի ազատագրական ձգտումները նոր մարմնավորում էին ստանում, Ալիշանի ստեղծագործությունը դառնում է դրա արձագանքն ու արտացոլումը։

Եվ եթե Մխիթար Սեբաստացին հիմնադիրն է միաբանության, ապա խորհրդանիշը, Մխիթարյան միաբանության գաղափարի հավաքական կրողը Ալիշանն է: 1872 թվականից մինչև իր կյանքի վերջը «անելուզակ կերպիւ» (իր արտահայտությունն է) ապրելով Սուրբ Ղազար կղզում՝ այստեղ էլ մահանում է 1901 թ. նոյեմբերի 9 (22)-ին ու թաղվում կղզու ծայրամասում գտնվող «Մխիթարյան գերեզմանոցում»։
(շարունակելի)


Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ



Դիտվել է՝ 14191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ